Հայաստանի ԱԺ փոխնախագահի խորհրդական, Գեղարքունիքի մարզպետի որդի Կարեն Գրիգորյան հերքում է իր` աշխատանքի չգնալու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
«Մամուլից այսօր տեղեկացա, որ աշխատանքի չեմ հաճախում: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի օրենսդիր մարմնում եւ լինել պարոն Շարմազանովի խորհրդականը: Ի գիտություն նման ապատեղեկատվություն տարածողներին՝ ասեմ, որ ես պարտաճանաչ հաճախում եմ աշխատանքի եւ մամուլում հրապարակված նյութը որեւէ առնչություն չունի իրականության հետ»,- իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է նա:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ՀՀԿ մամլո խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ իր աշխատակազմում ունի Կարեն Գրիգորյան անուն-ազգանունով խորհրդական, որը, ոչ ավել-ոչ պակաս, մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ականի` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին է: «Վերջինս խորհրդական է նշանակվել Շարմազանովի պաշտոնի ստաձնումից ի վեր, սակայն գրեթե երբեք գործի չի եկել:
ԱԺ-ում կարծում են, որ Գեղարքունիքը շատ հեռու է Երեւանից, ու էդ երեխան հո չի՞ կարող էդքան ճամփա կտրել, ինչ է թե գալիս է աշխատանքի»,- գրել էր թերթը:





























