Նոր ջրամբարների կառուցումը եւ նախկինից անավարտ մնացած ջրամբարների կառուցման ավարտը 2013 թ. հանդիսանալու են ՀՀ տարածքային կառավարման նախարարության գործունեության գերակա ուղղությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Մասնավորապես՝ գործնական քայլեր կիրականացվեն Կապսի, Եղվարդի, Վեդիի ջրամբարների կառուցումը շարունակելու համար: Բացի այդ՝ Արմավիրի մարզում Մաստարա սելավատարի վրա կկառուցվի մինչեւ 10 մլն խոր. մետր տարողությամբ նոր ջրամբար:
Այս ծրագրերի իրագործումը թույլ կտա ամբարել մինչեւ 200 մլն խոր. մետր ջուր:
Մասնավորապես՝ Եղվարդի ջրամբարը նախատեսվում է կառուցել 90-100 մլն խոր. մետր տարողությամբ, թեեւ ԽՍՀՄ տարիներին նախագծվում էր 200-220 մլն խոր. մետր տարողություն: Ըստ Ա. Գեւորգյանի՝ նման կիսով չափ կրճատումն ավելի է համապատասխանում ջրային հոսքերի առկայությանը: Մարմարիկի ջրամբարի հետ կապված (վերանորոգումն ավարտվել է այս տարվա ապրիլի) Ա. Գեւորգյանն ասաց, որ այն աստիճանաբար կլցվի ջրով, ներկայում այնտեղ մոտ մեկ երրորդով լցված է:




























