Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Ազատության պողոտայում գտնվող մի ռեստորանային համալիրից բերման են ենթարկել 49-ամյա Գագիկ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, նա դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի` կանխամտածված սնանկության մեղադրանքով:
Գագիկ Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 05.30-ին, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում, Վրաստանից ՀՀ տարածք մուտք գործելու ժամանակ, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 52-ամյա Հարություն Ա.-ն, ով հուլիսի 7-ից հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով:
Նույն օրը ժամը 15.50-ին, ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Ձորափի փողոցում գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Արսեն Չ.-ին, ով օգոստոսի 31-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:
Նույն օրը, ժամը 17.45-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 35-ամյա Արտաշես Պ.-ն, ով օգոստոսի 31-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:





























