2012 թվականի կարեւորագույն դրական իրադարձությունները Հայաստանում եղել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Փորձագետի խոսքով՝ խորհրդարանական վերջին ընտրությունների կարեւորությունն այն է, որ դրանց արդյունքում հետխորհրդային Հայաստանում առաջին անգամ Ազգային Ժողովում ներկայացված են երկրի գրեթե բոլոր ընդդիմական ուժերը: «Դա հանգեցրել է նրան, որ ներքաղաքական գործընթացները այս պահին զարգանում են խորհրդարանում, այլ ոչ թե փողոցում` բուլվարային քաղաքականության մակարդակով: Եւ այդ առումով խորհրդարանական ընտրությունները շատ կարեւոր էին»,-ասաց նա:
Փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունների համատեքստում` նախընտրական իրադրությանն անդրադառնալով, փորձագետը ցավով նշեց, որ չկա այն պայքարը, որը կար խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Չկա իրական մրցակցային պայքար եւ, հետեւաբար, նախագահական ընտրությունների արդյունքը կանխատեսելի է»,-ասաց Մինասյանը:





























