Օրենքը նախագահի բոլոր թեկնածուների համար միանման պայմաններ է  նախատեսում: Այդ մասին  այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ  զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով երկու պոտենցիալ թեկնածուների հայտարարությունը, որոնք ութ մլն դրամի  (մոտ 20 հազ. դոլար) ընտրագրավի վճարման պահանջը համարում են հակասահմանադրական:

«Պահանջները հստակ շարադրված են Ընտրական օրենսգրքում, եւ ամեն ոք, ով ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը,  պետք է առաջնորդվի դրանցով: Պոտենցիալ թեկնածուների այն հայտարարությունը, թե օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, վկայում է, որ այդ բնագավառում նրանք բավարար գիտելիքներ չունեն եւ պետք է լրացնեն գիտելիքների պաշարը», - նշել է Մուկուչյանը:

Հիշեցնենք, թոշակառու Պավլիկ Սարգսյանը ԿԸՀ նիստում հայտարարել է, որ չի պատրաստվում անդորրագիր ներկայացնել, քանի որ օրենքի տվյալ դրույթը հակասահմանադրական է համարում: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Ռոբերտ Սիմոնյանը, որը նույնպես անդորրագիր չի ներկայացրել: Ի պատասխան Մուկուչյանը նշել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԸՕ հոդվածների սահմանադրականությունը քննարկելու իրավասություն չունի: