Հայտնի են Ռուսաստանում վթարից զոհված չորս հայերի անունները: Ըստ Ռուաստանում Հայաստանի դեսպանության ճշտած տվյալների՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) եւ Արեւշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում մահացել են: Ուղեւորներից
Լիանա Մայիսի Արեւշատյանին (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով տեղափոխել են Կունգուր քաղաքի հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանում, Պերմ-Եկատերինբուրգ ավտոմայրուղու 64-րդ կմ-ին, հունվարի 6-ին, բախվել են Hyundai Accent եւ «ՎԱԶ-2110» ավտոմեքենաները: Բախումից հետո մեքենաներից միայն մետաղի կտորներ են մնացել: Դաժան ավտովթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 4-ը (58 եւ 35 տարեկան երկու տղամարդ եւ 21 ու 58 տարեկան երկու կին) եղել է «ՎԱԶ-2110»-ի մեջ: Hyundai Accent-ի 57-ամյա վարորդը եւս զոհվել է:
Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանության տվյալներով, ավտովթարի մեղավորը Hyundai-ի վարորդն է եղել, ով տեղում մահացել է: Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» մեծ բեռնատարը, արդյունքում հայտնվել է հանդիպակած գոտում եւ ճակատային մասով հարվածել «ՎԱԶ»-ին, որի ղեկին 35-ամյա վարորդ է եղել:
Բախման հետեւանքով Hyundai-ին հայտնվել է բեռնատարի անիվների տակ եւ վերջինս անցել է մեքենայի վրայով:





























