Ի տարբերություն մնացած թեկնածուների՝ ես եւ իմ կողմնակիցները մի առավելություն ունենք՝ մեր անցած տեսանելի քաղաքական ուղին: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, ով նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ:

Ըստ նրա, եթե նախընտրական քարոզարշավի նախնական փուլում իրադրությունը դատապարտված էր, ապա այժմ հետաքրքիր գործընթացների փուլն է սկսվել: «Կայանալիք նախագահական ընտրություններում, ինչպես եւ ամենուր, պետք է աշխատել: Եթե մյուսները տարբեր խոստումներ են տալիս, ապա մենք ասում ենք, որ կօգնենք ժողովրդի ինքնորոշման  իրավունքի իրագործմանը», - նշել է Հայրիկյանը՝ հավելելով, որ այդ մասին իրենք խոսում են արդեն 25 տարի:

Անդրադառնալով կայանալիք ընտրությունների մրցակցային բնույթին` Պարույր Հայրիկյանն ասել է, որ այդ տեսակետից ընտրությունները բարդ կլինեն, քանի որ անձամբ իր հետ դժվար կլինի մրցելը` հաշվի առնելով քաղաքական գործոնը: «Իմ եւ իմ կողմնակիցների ակնկալիքները բարոյաքաղաքական լծակներ ձեռք բերելն է, քանի որ մեր կուսակցությունը ներկայացված չէ երկրի խորհրդարանում», - նշել է Պարույր Հայրիկյանը: