Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա՝ հունվարի 10-ի նիստի օրակարգից հանվել է հունիսի 15-ը պետական խորհրդանշանների օր սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նշենք, որ այդ տոնի գաղափարը պատկանում է «Մենք» հիմնադրամին: Օրն ընտրվել է այն պատճառով, որ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: Կառավարությունը դեռեւս 2011 թ. մայիսին հավանություն էր տվել առաջարկին եւ ստեղծել աշխատանքային խումբ՝ ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ:
Աշխատանքային խմբի առաջարկով համապատասխան որոշման նախագիծը ներառվել էր 2013 թ. հունվարի 10-ի նիստի օրակարգում, սակայն նիստից առաջ հարցը հանվել է:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը NEWS.am-ին ասաց, որ ՀՀ նախագահի աշխատակազմից եւ հասարակական կազմակերպություններից առաջարկներ են ստացել՝ կրկին քննարկելու օրվա ընտրության հարցը: Որոշման նախագիծը, ըստ Հ. Պողոսյանի, կընդգրկվի կառավարության հաջորդ նիստի օրակարգում:





























