Հայաստանը The Heritage Foundation-ի եւ The Wall Street Journal-ի հրապարակած «Տնտեսական ազատության 2013 ինդեքսում» առաջընթաց է գրանցել` զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 177 երկրների շարքում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ 2012 թ. ինդեքսում Հայաստանը զբաղեցնում էր 39-րդ տեղը՝ 184 երկրների թվում:
«Տնտեսական ազատության ինդեքսի արդյունքներով առաջընթաց ենք արձանագրել, բարելավել ենք մեր դիրքերը, ինչը նույնպես լավատեսության հիմքեր է ստեղծում, որպեսզի կարողանանք առաջ տանել մեր բարեփոխումները: Այս ինդեքսը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում եւ այստեղ մեր դիրքերի բարելավումը ևս ունենալու է էական նշանակություն»,- ասաց ՀՀ վարչապետը:
Տնտեսական ազատության այս ինդեքսում Հայաստանի հետ միեւնույն խմբում են Բելգիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Իսպանիան և այլ պետություններ: Տարածաշրջանի երկրներից Թուրքիան 69-րդն է, Ադրբեջանը 88-րդը, Վրաստանը 21-րդը, Իրանը 168-րդը:
Աշխարհի ամենազատական տնտեսություն ունեցող երկիր 19-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Հոնկոնգը:




























