Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) նախագահական առաջիկա ընտրություններում սատարում է գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում.
- Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին եւ չեզոքացնել մեր տնտեսության եւ հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետեւանքները,
- Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի եւ ընդունելի միջազգային հանրության ու որոշումներ կայացնող քաղաքական կենտրոնների համար,
- ԼՂ հիմնահարցում հայկական կողմի դիրքերն ավելի են ամրապնդվել, եւ հակամարտության կարգավորման մեր մոտեցումները, որոնք խարսխված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, հետզհետե ավելի մեծ աջակցություն են գտնում միջազգային հանրության կողմից,
- Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում, Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում,
- Սոցիալական քաղաքականությունը դարձել է առավել հասցեական եւ միտված հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանը,
- Կոռուպցիայի, անարդարությունների եւ հոռի երեւութների դեմ պայքարը դարձել է ամբողջական եւ արդյունավետ,
- Շոշափելի բեկում է գրանցվել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում եւ քաղաքացիական հասարակության կայացման ասպարեզում:
Այս ձեռքբերումների կողքին դեռեւս առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մի շարք ուղղություններով ձեռնարկվում են կոնկրետ քայլեր եւ գործողություններ, որոնք մոտ ապագայում կարող են նշանակալի արդյունքներ ապահովել:
2013թ. թիվ մեկ քաղաքական իրադարձությունը ՀՀ Նախագահի ընտրություններն են: ՄԻԱԿ-ի որոշումը այս քաղաքական իրադարձության առնչությամբ աներկբա է. մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին պաշտպանելու ենք նրա թեկնածությունը: Այս որոշումն ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է:
Վստահ լինելով մեր թեկնածուի համոզիչ հաղթանակի մեջ, ակնկալում ենք եւ անելու ենք մեզնից կախված հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիներին մեծ թափով շարունակվեն.
- երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց արդյունքները ուղղված կլինեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը եւ կայուն զարգացմանը,
- քաղաքական սերնդափոխությունը եւ պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման գործընթացը,
- դինամիկ աճի միտումները տնտեսության բնագավառում,
- մեր երկրի դիրքերի ամրապնդումը ԼՂ կարգավորման գործընթացում, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված նախաձեռնություններում եւ հեղինակավոր միջազգային կազմակերպություններում,
- մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացումը,
- Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դրա հետեւանքների վերացմանն ուղղված արդյունավետ ջանքերը,
- Համայն հայության ներուժի համախմբումն ու Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդումը,
- ժողովրդավարական բարեփոխումները եւ թիրախավորված պայքարը հասարակության հիմքերը խարխլող արատավոր երեւույթների եւ կարծրատիպերի դեմ»:




























