Թուրքիայի վճռաբեկ գլխավոր դատախազությունը Հրանտ Դինքի սպանության հետ կապված բողոքարկման վճռում պնդել է, թե Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը Դինքի սպանության գործով դատավճռում անտեսել է, որ հանցանքը կատարվել է հանցախմբի մասնակցությամբ եւ պահանջել այն հաշվի առնել։

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վճռաբեկ գլխավոր դատախազության բողոքարկման տեքստի մեջ նշվում է, որ 2007 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած Հրանտ Դինքի սպանությունը համակրգված եւ ծրագրավորված է եղել հանցախմբի կողմից, ովքեր նպատակ են ունեցել խախտել պետության միասնությունը, հարվածել պետության հեղինակությանը, երկրում քաոս եւ անվստահության մթնոլորտ ստեղծելով։

Տեքստում նշվել է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի որոշումը վերանայման կարիք ունի, քանի որ սպանության մեջ կա հանցախումբ։ «Սպանության գործով հետաքննությունից պարզ է, որ 3 հոգուց ավել անձիք միացել են՝ կազմելով հանցախումբ, որի մեջ եղել է հիերարխիկ կառույց, որի անդամների միջեւ բաժանվել է սպանության կազմակերպման հետ կապված որոշակի պարտավորություններ»,-նշվել է տեքստում։

Նշենք, որ Նշենք, որ 2012-ի հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:

Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց հանցավոր կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։