Ադրբեջանի մայր գազատարի Գազիմամեդ-Գազախ հատվածում, որն անցնում է Գեյչայի շրջանով, պայթյուն է որոտացել:
Նախնական տեղեկատվությամբ՝ վթարի պատճառը գազի արտահոսքն է եղել: Հրդեհի բոցերի բարձրությունը հասել է 100 մետրի: Գազի մատակարարումը դադարեցնելուց հետո բոցի բարձրությունը նվազել է 60-70 մետրի:
Դեպքի վայր են ժամանել գազի աշխատակիցները եւ հրշեջների երեք մարտական հաշվարկ, հայտնում է Trend-ը: Ներկա պահին, ըստ գործակալության հաղորդման, գազատարի հրդեհը մարվել է:
SOCAR-ում (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) նշել են, որ պայթյունը Վրաստան մատակարարվող գազի վրա չի ազդել: Միաժամանակ, 1news.az-ը, վկայակոչելով SOCAR-ին, հայտնում է, որ ներկայումս առանց գազ են մնացել Գեյչայի շրջանի վեց գյուղեր եւ շրջկենտրոնի մի մասը (1500 բաժանորդ):
Գեքչայ քաղաքը գտնվում է Ադրբեջանի կենտրոնում՝ Բաքվից 255 կմ հեռու:





























