2013 թվականի վերջին Հայաստանում նախատեսվում է պրոբացիոն ծառայություն ստեղծել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ նման ծառայության ստեղծումը կարեւոր նշանակություն ունի եւ այլընտրանքային պատժի կիրառման ռազմավարությունը հետագայում եւս կամրապնդվի:

«Ֆիլմերում, դուք հավանաբար տեսել եք ազատության մեջ գտնվող մարդկանց, սակայն ձեռքներին ցուցիչով թեւնոցներ, որի օգնությամբ տեղեկանում են նրանց տեղաշարժի մասին: Նման համակարգը թույլ կտա համարժեք պատիժներ սահմանել խախտումների համար, որոնք լուրջ սպառնալիք չեն պարունակում հասարակության համար»,-ասաց Բաղդասարյանը, հավելելով, որ նման համակարգի ներդրումը եւս մեկ քայլ կլինի ԵՄ չափանիշներին հասնելու ճանապարհին:

Պրոբացիան ներառված է Հայաստանում 2012-2016թթ դատաիրավական բարեփոխումների աջակցմանն ուղղված ԵՄ ծրագրում: