Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդները հնարավորություն կունենան տարբեր մարզաձեւերում անվճար մարզվել: ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ հունվարի 20–ից Դինամո մարզական կազմակերպությունը իր դռներն է բացելու Հայաստանում հաստատված  սիրիահայ երիտասարդներին` առաջարկելով բազմաթիվ մարզաձեւերի անվճար պարապունքներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ Ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, Դինամո մարզական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Նա նշեց, որ պրոֆեսիոնալ մարզիչների օգնությամբ սիրիահայ  երիտասարդները կարող են բարձր չափանիշներով վերանորոգված մարզական համալիրում պարապունքներ ունենալ հետեւյալ մարզաձեւերով` բռնցքամարտ, հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս, շախմատ, քիք-բոքսինգ: Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ Ոստիկանության այս նախաձեռնությունը նպատակ ունի հնարավորություն տալ սպորտային տվյալներ ունեցող կամ պարզապես սպորտով զբաղվել ցանկացող սիրիահայ երիտասարդներին շարունակելու իրենց մարզումները նաեւ հայրենիքում:

Բոլոր ցանկացողները կարող են դիմել Դինամո մարզական կազմակերպություն, գրանցվել եւ այցելել: Կազմակերպիչները վստահեցնում են, որ տեղերի սահմանափակում չի լինի:

Նշենք, որ Սիրիայում ծավալված վերջին դեպքերի արդյունքում Հայաստան է տեղափոխվել 6000 սիրիահայ: Այսօր Հայաստանում կա ավելի քան 500 սիրիահայ աշակերտ եւ ավելի քան 300 սիրիահայ ուսանող: