Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին «Համաներման մասին» օրենք է ստորագրել, որով ավելի քան երեք հազար մարդ, այդ թվում՝ նախկին իշխող կուսակցության ընդդիմադիրերը եւ «ռուսական լրտեսները», որոնց նոր խորհրդարանը համարել է «քաղբանտարկյալ», ազատություն կստանան։
Ավելի վաղ նախագահ Սահակաշվիլին վետո էր դրել փաստաթղթի վրա, սակայն խորհրդարանը հանել էր այն եւ կրկին ստորագրելու համար ներկայացրել նախագահին։ Ստորագրման ժամկետը սպառվել էր հունվարի լույս 12-ի գիշերը, եւ ստորագրման իրավունքը փոխանցվել էր խորհրդարանի նախագահին։ Վրացական հեռուստատեսության առաջին ալիքը հայտնում է, որ խոսնակն օրենքը ստորագրել է ուղիղ եթերում՝ մամուլի ասուլիս հրավիրելով։
«Սա պատմության առաջին դեպքն է, երբ Վրաստանի խորհրդարանը հանել է օրենքի վրա նախագահի դրած վետոն», - ասել է Ուսուպաշվիլին՝ հավելելով, որ իրենք գործել են մարդասիրական մղումներով, գրում է «Նովոստի Գռուզիան»։
Խոսնակը նշել է, որ ազատություն կստանա քաղաքական հատկանիշներով բանտարկված 200 քաղբանտարկյալ։ «Համաներման մասին» օրենքն ուժի մեջ կմտնի հունվարի լույս 13-ի գիշերվանից։ Առաջինն ազատություն կստանան քաղբանտարկյալ ճանաչվածները, մնացածները կազատվեն երկու ամսվա ընթացքում։





























