Վրաստանում համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները դիմել են երկրի խորհրդարանին՝ պահանջելով պաշտոնանկ անել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Նանա Կակաբաձեն:
Ազատ արձակվածները մի քանի պահանջ ունեն: Մասնավորապես, նրանք պահանջում են նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել, հունվարի 13-ը հայտարարել քաղբանտարկյալների օր, Խորհրդային օկուպացիայի թանգարանը վերանվանել քաղաքական բռնությունների զոհերի թանգարան, իրենց գործերի վրայից հանել «գաղտնի» մակագրությունը, օբյեկտիվ հետաքննություն անցկացնել քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի գործով, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:
Կակաբաձեն նշել է, որ հայտարարությունը, որն իրենք պատրաստվում են տարածել այսօր, միացել են բոլոր 190 ազատ արձակված բանտարկյալները, որոնք իրենց քաղբանտարկյալ են համարում:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին հունվարի 12-ին ստորագրել է երկրի պատմության մեջ ամենախոշոր համաներման մասին օրենքը, որը խորհրդարանը հաստատել էր նախորդ տարվա վերջին:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 27-ին վետո էր դրել այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը հաղթահարել էր այդ վետոն:
Քանի որ Սահակաշվիլին հրաժարվել էր ստորագրել այդ օրենքը, այն ստորագրելու իրավունքը փոխանցվել էր խորհրդարանի ղեկավարին: Հունվարի 13-ին Վրաստանի բանտերից ազատ է արձակվել 190 բանտարկյալ, որոնց խորհրդարանն ավելի վաղ քաղբանտարկյալ էր ճանաչել:
Ընդհանուր առմամբ, համաներմամբ ազատ կարձակվի 7 հազար մարդ:





























