«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 406.45 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ հունվարի 11-ի համեմատ դոլարն էժանացել է 0.62%-ով կամ 2.55 դրամով: Հայաստանյան ֆինանսական շուկայի համար սա բավական զգալի տատանում է:

Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 1 մլն դոլար: Նշենք, որ դոլարի փոխարժեքի տատանումները 2013 թ. առաջին տասնօրյակում տեղի են ունենում առանց կենտրոնական բանկի ուղղակի միջամտության:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 404 կամ 405 դրամ, իսկ վաճառքինը՝ մինչեւ 406 դրամ: 

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր շարունակել է բարձրանալ եւ հասել է 11ամսյա իր առավելագույն մակարդակին՝ 1եվրո/1.3339 դոլար; Սակայն այնուհետ դոլարը փոքր-ինչ վերականգնել է դիրքերը այն բանից հետո, երբ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն հայտարարել է, թե իր ղեկավարած կառույցը կշարունակի քանակական մեղմացման քաղաքականությունը: Ավելի վաղ՝ երկուշաբթի Բ. Բեռնանկեն հայտարարել էր, որ դժգոհ է ԱՄՆ տնտեսության առաջընթացից, թեեւ բարելավման նշաններ կան: 

Ռուսաստանի կենտրոնական բանկը եւս նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2556 ռուբլին: