Սիրիայի ընդդիմության զինյալների կողմից Հալեպի համալսարանի եւ հանրակացարանի հրթիռային հրետակոծման օրը պայթյուններ են հնչել նաեւ Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում եւ Սուլեյմանիա շրջանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, ասելով, որ քաղաքի պողոտաներից մեկում տեղի է ունեցել բուռն, սակայն կարճատեւ փոխհրաձգություն:

Ըստ Ռեիսյանի` Նոր Գյուղի պայթյունները զգալի նյութական վնաս են հասցրել, Սուլեյմանիա շրջանի պայթյունները սարսափեցրել են բնակչությանը: Ռեիսյանը նաեւ նշել է, որ ըստ նախնական տվյալների հրթիռային հրետակոծման հետեւանքով զոհվել է 83 ուսանող եւ վիրավորվել 165-ը: «Թեեւ համալսարանի ուսանողների մեջ շատ հայեր կան, նրանց շարքերում զոհերի եւ վիրավորների մասին տվյալներ չկան»:

Հիշեցնենք, որ ըստ Սիրիայի պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալության, ընդդիմադիր զինյալները երկու հրթիռ էին արձակել Ալ Լերմոն թաղամասի կողմից: Տուժածների մեծ մասն ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանը սկսած ուսանողներ են, ինչպես նաեւ  համալսարանական քաղաքի հանրակացարանում ապրող փախստականներ: Հաղորդվում է նաեւ Հալեպ քաղաքի Բենի Զեյդ թաղամասի հրետակոծման մասին, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: 

Նշենք, որ նախօրեին երեկոյան արեւմտյան առաջատար լրատվամիջոցները՝ վկայակոչելով զինված ընդդիմության անանուն աղբյուրները, լուրեր էին տարածել, թե համալսարանի վրա կառավարական բանակի արձակած հրթիռներն են ընկել: Սակայն գիշերն ընդդիմության առաջատար ուժերից  մեկը՝ ԱՄՆ-ի կողմից  պաշտոնապես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ջեբհաթ ան Նուսրան», ստանձնել էր Հալեպի համալսարանի հրետակոծման պատասխանատվությունը: