Երեւանի Կոնդ թաղամասում, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում կկառուցվի 3 ցածրահարկ շենք՝ բարեգործական նպատակներով: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին որոշում ընդունեց «Երեւան իմ սեր» հիմնադրամին 1005 քառ. մետր հողամաս հատկացնելու մասին;

Կառուցվելիք երեք շենքերից մեկում գործելու է կենտրոն՝ կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուս մասնաշենքը նախատեսված է անվճար հատկացնել միայնակ մայրերի եւ երեխաների կարիքների համար, երրորդը հանդիսանալու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն օժանդակ շինություն՝ անվճար հատկացվելու է եկեղեցու սպասավորների եւ համայնքի հոգևոր կարիքների  համար։     

«Երեւան իմ սեր» հիմնադրամը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւանում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ երկրորդ նմանատիպ բարեգործական ծրագրի իրականացման վերաբերյալ։

Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղեկացմամբ՝ հիմնադրամում արդեն 1 մլրդ դրամ կա: