Դիարբեքիրի օդուժերի 2-րդ զինվորական դատարանում տեղի է ունեցել 2011-ի ապրիլի 24-ին ծառայության ժամանակ մեկ այլ զինվորի կողմից սպանված Սեւակ Շահին Բալըքչի գործով հերթական դատավարությունը։
Թուրքական Diyarbakirsoz.com կայքի փոխանցմամբ՝ ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ դատարանը կրկին հրաժարվել է գործով անցնող կասկածյալ Քվանչ Աղաօղլուի նկատմամբ կալանման որոշում կայացնել։
Ավելին, Քվանչ Աղաօղլուն դատարանից պահանջել է իր անվտանգությունն ապահովելու համար թիկնապահներ նշանակել՝ պնդելով, թե ԱՍԱԼԱ անունով մի հայկական կառույց իրեն սպանելու որոշում է կայացրել։
Այս ամոթալի դատավարության հետ կապված, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանը նշել է, թե Սեւակի մահը պատահականություն չէր։ «Հայերի կոտորածի օր հանդիսացող ապրիլի 24-ին նման բան տեղի ունենալը ցույց է տալիս, որ այն պատահականություն չէր։ Այն հատուկ մշակված սպանություն էր»,-ասել է քուրդ պատգամավորը։
Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։





























