Ռուսաստանի կառավարությունը որոշել է ժամացույցի սլաքները մեկ ժամով հետ տալ: Մոտ օրերս  նախաձեռնությունն օրինագծի տեսքով Պետդումա կներկայացվի: Այդ մասին «Իզվեստիային» պատմել են Կրեմլի եւ Սպիտակ տան բաձրաստիճան պաշտոնյաները: 
Ըստ աղբյուրների` մինչեւ տարեվերջ Ռուսաստանը կանցնի մշտական ձմեռային ժամանակի եւ այլեւս  չի անցնի ամառայինի: Այդ մասին պաշտոնապես կհայտարարեն մեկ-երկու շաբաթվա ընթացքում:

Թերթը գրում է, որ միայն ռուսաստանցիները չեն, որ դժգոհություն են հայտնել ամառային ժամանակին անցնելուց:  Միջազգային օլիմպիական կոմիտեի կամակարգող հանձնաժողովի  ղեկավար Ժան Կլոդ Կիլին դիմել էր Կոզակին` Սոչիում Օլիմպիադայից առաջ ձմեռային ժամանակի վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ նամակով:

Պետդումայում առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կալաշնիկովը նույնպես նշել էր, որ  փետրվարի 11-ին լրանում է ձմեռային ժամանակի անցման վերաբերյալ պատգամավորների օրինագծին կառավարության  պատասխան տալու ժամկետը:

Կալաշնիկովը հանդես է գալիս հանուն անցման, սակայն մտավախություն ունի, որ պաշտոնյաները կփոխեն Դաշնության բոլոր սուբյեկտները, եւ յոթ շրջաններ մեկ ժամով հետ կընկնեն աստղագիտական ժամանակից:  Ըստ նրա` ներկայումս 22 շրջան ապրում են աստղագիտական ժամանակից երկու ժամ շեղումով, 54 շրջան`մեկ ժամ, եւ միայն Դաշնության յոթ շրջան են  այդ ժամանակին համաքայլ ընթանում:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քաղաքացիներին հայտնել էր ձմեռային ժամանակի անցման վերացման մասին: