Նովոսիբիրսկի շրջանային դատարանը փետրվարի 7-ին հրապարակել է «Աշրամ Շամբալա» աղանդի հիմնադիր Կոնստանռին Ռուդնեւի կամ ինչպես ինքն է իրեն  անվանում՝ «Սիրիուսից եկած այլմոլորակայինի» գործով դատավճիռը: Տղամարդը մեղավոր է ճանաչվել թմրանյութերի ապօրինի շրջանառության, բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Ռուդնեւին դատապարտել են 11 տարվա ազատազրկման եւ 100 հազար ռուբլի տուգանքի, գրում է rbc-ն:

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Ռուդնեւը մտադիր է բողոքարկել վճիռը:

Ռուդնեւին կալանավորել էին 2010թ.: Իր կրոնական «կարիերան» նա սկսել է 1991թ., այդ ժամանակ էլ հիմնադրել է «Աշրամ Շամբալան»:

Քննության տվյալով՝ կազմակերպությունը երիտասարդներին իր կողմն է գրավել օկուլտիզմով, թմրանյութերով, սեռական օրգիաներով: Իրեն Շրի Ջնան Ավատար Մունի անվանող Ռուդնեւը  ներկայացել էր իբրեւ Սիրիուսից եկած այլմոլորակային, որի նպատակն է լուսավորել մարդկանց եւ ուղղորդել դեպի ճշմարիտ ուղի:

Աղանդի գաղափարաբանության հիմքում արեւելյան օկուլտիզմի փորձն էր: Դրա անդամները հիմնականում 17-30 տարեկան երիտասարդներ էին, որոնք հրաժարվում էին սովորական դարձած շփումներից եւ կենսակերպից: 2008թ. աղանդի հիմնադրին տեղափոխել էին հոգեբուժարան, սակայն շուտով բաց էին թողել:

Գոյության  ընթացքում աղանդի հետ առնչվել է մոտ 30 հազար մարդ, սակայն դրանից տուժածների թիվը 15 է: