Հարկավոր է ձգել բոլորին անխտիր, չնայել` ո՞վ -ո՞վ է եւ իրենից ի՞նչ է ներկայացնում: Սովորական, սառը դեմքով բոլորին պետք է պատժել` ըստ արարքին արժանվույն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը` արձագանքելով Գյումրիում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Պարոն Սարգսյան, որպես իրավապահ համակարգում ճանապարհ անցած մարդ, ի՞նչ գնահատական կտաք Գյումրիում տեղի ունեցած վերջին զարգացումներին:

Կարծում եմ` իրավապահների մոտեցումը ճիշտ է:  Խիստ պետք է լինեն: Պետք է մեծ ու փոքրի, դիրք ու պաշտոնի չնայեն եւ բոլորը պետք է հավասար պատժվեն օրենքի առաջ: Դա կլինի ամենալավ լուծումը Գյումրիում ստեղծված իրավիճակին: Խոսքը վերաբերում է  նաեւ կլաններին: Նման դեպքերում ամեն ինչ պետք է տանես զրոյականի, որպեսզի մարդիկ էլ վարկաբեկվեն, հասկանան, որ եթե հանցագործություն են կատարել, իրենց մինչեւ այդ ձեռք բերված դիրքը հավասար է զրոյի: Կարեւոր է նաեւ, որ զգան, որ իրենք ոչ մի բան չեն կարող անել, քանի որ օրենքի առաջ բոլորն էլ հավասար են, լինի` բանվոր, գիտնական, նախարար: Եթե այսքանը տեղ է հասնում, մարդիկ հասկանում են, որ հարկավոր է խելոք նստել տանը կամ մարդավարի ապրել: Այդքան բան:

Նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանն էլ է վերջերս շատ բարձրաձայնում, որ պաշտոնյաների հղփացած երեխաների ականջները քաշելու  ժամանակն է: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Հարկավոր է մշտապես նսեմացված վիճակի մեջ պահել հղփացածներին, որ գան սովորական մարդկային ստանդարտների:

Իսկ եղածը ի՞նչի արդյունք է:

Դե բնականաբար որոշակի բարձիթողի վիճակի, որոշակի վերաբերմունքից օգտվելու արդյունք: Սակայն նրանց դեմ պայքարում տարվող աշխատանքները դրական եմ գնահատում: Հարկավոր է ձգել բոլորին անխտիր, չնայել` ո՞վ-ո՞վ է եւ իրենից ի՞նչ է ներկայացնում: Սովորական, սառը դեմքով բոլորին պետք է պատժել: Մինչեւ այդ ովքեր իրենց հովանավորել են, հարգված դեմք, տեսք են ընդունել, պետք է հասկանան, որ իրենց զանգը զրոյական արժեք ունի: Ավելին` բաժին գալուց էլ կարան մնան դրսում:

Պարոն Սարգսյան, ըստ ձեզ այսօր ո՞վ է գողականը: Նրանց մեկնաբանմամբ իրենք գործում  եւ գնում են «ճշտի» հետեւից: Իսկ «Ճիշտը» մե՞կն է:

Դե ժողովուրդն է գողական ասում: Նրանք հանցավոր աշխարհում հեղինակություն են ներկայացնում եւ ընդամենը այդքան բան: Իբր վերաբերմունքի, պահվածքի մի ընդգծված ձեւ, որ ինքը հեղինակություն է: Այսպես` ասած «ավտարիտետ»: Սակայն  ի՞նչ ասել է գողական: Ի՞նչ ասել է գողություն, գողությունից ծնված գող: Ինչ վերաբերում է «ճշտին», ես էլ եմ այն կարծիքին,  որ ճիշտը մեկն է: Բայց այդ «ճիշտը» մարդու դեմքով, մարդու կեցվածքով ապրելն է ու հասկանան, որ իրենց երկրի պատիվը պետք է ճիշտ պահի: Այսինքն, այո, «ճիշտը» մեկն է եւ այդ ճիշտը մարդ լինելն է: Մարդ լինելը, ուրիշի վրա  չնստելը, ուրիշի շունչը չփակելը, ուրիշի ապրուստին աչք չգցելը, ուրիշի հաշվին չապրելը: Մի խոսքով, այնպես պետք է ապրես, որ այդ հողը քո ծանրությունը չզգա, ինչպես Պարույր Սեւակն էր ասում: Այս մարդիկ մինչեւ հիմա չեն հասկացել, ես ո՞նց բացատրեմ: Պետք է այնպես անես, որ հարեւանդ ցանկանա քեզ տեսնել, ոչ թե խուսափի եւ մեկ այլ մուտքից դուրս գա: Հարեւանդ չմտածի, որ քո երեխան կարող է այնպիսի մի բան անի, որ իր մեքենայով, պահվածքով իր երեխայի վրա ազդի: Մարդը պետք է ոչ թե ուրիշի, այլ իր հաշվին ապրի: Արդյունքում, ինչպես դրսում են մարդիկ ժպտում, մեզ մոտ էլ կժպտան, ոչ թե խոժոռ հայացքներով ման կգան` հասկացնելով, թե ինձ չմոտենաք, ես խիստ եմ, կտրուկ եմ, կարող եմ վնասել, վատություն անել ձեզ: Փողոցի այս հայացքները այդտեղից են գալիս եւ կարծում են, թե այդ կերպ պաշտպանողական դիրք են գրավում: Եթե դրա կարիքը չլինի, մարդիկ ժպտալով ման կգան, իրար ջան կասեն եւ ջան կլսեն: Կռիվ կոչվածը, իրար խաբելը, դանակահարություն, կրակոց չի լինի:  Պետք է համեստ, հանգիստ ապրել: Գոռոզությունը, ոչ մի բանի չի տա: Դա անպտուղ, թիթիզ կեցվածք է, ապրելու ձեւ, որը շատ կարճ է տեւելու: Իսկ, վերը նշված բացասականը կվերանա շատ շուտ, եթե բոլորս ունենանք մեկ բան իրենց ասած «ճիշտը» եւ ճշտով ապրենք: Կամ, ով է ասում, որ «ճիշտը» իրենցն է ես էլ եմ ասում «ճիշտը» թող լինի մեկը` մարդկությունը:

Իսկ գողականը այսօր Հայաստանում հարց լուծո՞ւմ է, թե՞ ոչ:

Չէ, չէ, չէ: Մենք այսօր, ժողովորդ ջան, ավելի կարեւոր խնդիր ունենք: Իմ կարծիքով այս ամենը գողականի արդյունքն էլ չի: Բոլոր հեղափոխություններից հետո  նման մարդիկ ծնվում են: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո էլ ծնվեց մարդկանց մի  խումբ, որ իրենց ամեն ինչ թույլ էին տալիս: Հայաստանն էլ սրանից 20 տարի առաջ հեղափոխություն ապրեց, ճիշտ է: Այդ 20 տարվա պտուղները այսօր կամաց կամաց հասունացել են եւ ժամանակն է, որ հասունացման արդյունքում վայր ընկնեն ու մարդիկ սկսեն հանգիստ ապրել: Իսկ արդեն անցյալը կմնա զուտ հիշողություն: Այսօր գվարդյաների կարիք էլ չկա, որ դրանց դեմ պայքարեն, քանի որ հիմա պետությունը կայացել է, ուժեղ իշխանություն կա: Իրավապահ մարմինը իրենց խնդիրը ամբողջությամբ կատարում է: Ի՞նչի արդյունքում այս ամենը շուտով կդառնա հիշողություն: Չակերտավոր ասված մի քիչ էլ  թող հրապուրվեն դրանց գործունեությամբ եւ առաջիկայում այդ խաղը ամբողջությամբ չի լինի: Մարդիկ արդեն ուրիշ բաներից են հաճույք ստանում` բիզնեսով են զբաղվում, գումարներ ունեն, կյանքը վայելում են, հրապուրվում նրանով ինչը գեղեցիկ է: Ի՞նչի մասին է խոսքը: Ո՞ւմ է հրապուրում այդ բերթ կոչվածը, անազատությունը: Բոլորն էլ ուզում են նորմալ ապրել: Իսկ նորմալ ապրելու համար ճանապարհը գողականը չի, այլ ինչ-որ բանի տեր լինելն է: Բոլոր ուղեղ ունեցող մարդիկ այդպես են մտածում:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն զանգերին, որով խնդրում են ցուցմունքները բանավոր վերցնել, քանի որ գրավորը իրենց մոտ ընդունված չէ: Երբ ոստիկանապետ էիք, նման զանգեր ստանո՞ւմ էիք եւ ինչպե՞ս էիք դրա դեմ պայքարում:

Կարծում` եմ դա հետամնացություն է  եւ հայկական վատ մենթալիտետ: Բոլոր ժամանակներում եմ նման զանգեր ստացել եւ աշխատել անուշադրության մատնել: Չեմ կարծում, թե մեկ անգամ տեղիք եմ տվել նման զանգերի: Այնպես չէ, որ իմ օրոք անիշխանություն է  եղել` նորմալ է եղել ամեն ինչ: Վիճակագրությամբ կարող եք նայել, թե կրիմինալը ինչ դրսեւորում է  ունեցել իմ օրոք: Իսկ նման զանգերը մշտապես մերժել եմ: Նայած, թե  ինչը կարելի է լսել եւ հասկանալ: Երեխա է` փորձանքի է ընկել: Փորձանքը կարելի է լսել եւ հասկանալ, բայց եթե այս տիպի դրսեւորում է, մարդու արժանապատվության վրա ձեռք են բարձրացրել, արարք, որը ցինիզմով է ամբողջությամբ լցված, ինչպե՞ս կարելի է այդ զանգին պատասխանել: Ես էլ այնպիսի դիրք եմ դրել, որ ամաչել են ինձ զանգել: Իսկ, եթե զանգահարել են պարզ երկու բառով, բացատրել եմ, չեն հասկացել, անպատվել, հեռախոսը դրել եմ:  

Ստեղծված իրավիճակում, երբ իրավապահ համակարգը անխնա պայքար է սկսել կլանների դեմ, հնարավոր է բախումներ այս երկու ուժերի միջեւ:

Բախումը մերժում, հերքում եմ: Դա բացառվում է: Ո՞վ կարող է բախման նույնիսկ հույս փայփայի: Այդ բախումը կտեւի ընդամենը 1.5 րոպե եւ ամեն ինչ կավարտվի: Իհարկե, իշխանությունը պետք է հաղթի: Ի՞նչ բախում, ո՞վ ո՞ւմ դեմ: Այսօրվա հնարավորություններով, որ պետությունում է մեկը կարողացել մյուսի դեմ կանգնի: Ո՞վ էլ փորձել է իրեն մաֆիոզի տեղ դնի նրա կյանքը ընդամենը րոպեներ է տեւել ու ամեն ինչ ավարտվել է: Պետության, օրենքով զենքին տեր կանգնած մարդու, իշխանություն ունեցող մարդու դեմ այս թաքուն գործունեություն ծավալողները, ոչ մի բան չեն կարող անել: Հարկավոր է ենթարկվել օրենքին եւ մյուս քաղաքացիների հետ հավասար կողք-կողքի ապրել:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը