Գաղտնիք չէ, որ երկրում միջին աշխատավարձը չի ապահովում անգամ աշխատողի կյանքի սոցիալական մակարդակը` չխոսելով ընտանիքի անդամների մասին:

Մարտին ամսական միջին անվանական աշխատավարձը սպառողական գների ինդեքսից ետ էր մնում  0,9 տոկոսային կետով, իսկ ապրիլին այս երկու ցուցանիշների տարբերությունը կազմում էր  մինչեւ 1,4  տոկոս` դարձյալ հօգուտ գնաճի:

Մենք բոլորս տեղյակ ենք, որ զարգացած երկրներում աշխատվարձերն  ինդեքսավորում են: Պարզ ասած` գործատուն բարձրացնում է  աշխատավարձը` գնաճը չեզոքացնելու համար: Սակայն մեզանում աշխատավարձը ընդհանուր գնողունակ պահանջարկի ծավալում այնքան նշանակալի դեր չունի, ինչպես զարգացած երկրներում: Ազգային վիճակագրական ծառայությունը ընտրովի բյուջետային հետազոտություն է իրականացնում եւ արդյունքները դասակարգում է  ըստ բնակչության խմբերի:

Այսպիսով, «ամենաաղքատների» մոտ ընտանեկան եկամուտները ձեւավորում են թոշակներն ու նպաստները: Ընդհանուր եկամուտներում  աշխատավարձը գերազանցում է 50% -ը միայն վեցերորդ խմբից սկսած եւ «ամենահարուստների» խմբում հասնում է գրեթե 60%-ի:

Նշենք, որ իրական հարուստները կտրականապես հրաժարվում են նման վիճակագրական հետազոտությունների մասնակցելուց, այնպես որ այդ խմբում ներկայացված է միջին խավը, որոնց թվում բարձր վճարվող վարձու աշխատողներն են:

Մեզ մոտ, իհարկե, կան «աշխատողներ», որոնք շարքային քաղաքացիների համար չլսված աշխատավարձ են ստանում: Որպես կանոն, դրանք կոմերցիոն ընկերությունների ղեկավար կազմում զբաղվածներն են, ծրագրավորման, ֆրնանսաբանկային համակարգի աշխատողները:

ԱՎԾ տվյալներով` ապրիլին երկրում միջին աշխատավարձը կազմել է 142,7 հազար դրամ,  իսկ միասնական եկամտահարկի վճարումից հետո` ընդամենը  107,5 հազ. դրամ:

Ընթացիկ տարվա փետրվարի տվյալներով «ֆինանսներ եւ ապահովագրություն» ոլորտի միջին աշխատավարձը 330,3 հազ. դրամ է,  այնուհետեւ հաջորդում է  «տեղեկատվություն եւ կապ» ոլորտը`  303,4 հազ. դրամ: Ամենացածր դրույքաչափը «մշակույթ, հանգիստ, ժամանց» ոլորտում է` 80,5 հազ. դրամ:

Ալբերտ Խաչատրյան