Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած  Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ  Ֆահդ Ալ-Ռաշիդին:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը էապես կնպաստի հայ-քուվեյթյան հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության  հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորել է արաբական աշխարհի հետ տարբեր հարթություններում հարաբերությունների զարգացումը, այդ թվում, նաեւ բարեկամ Քուվեյթի հետ: Նա գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում եւ բարձր  գնահատել մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը:

ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը,  պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ ընդլայնմանը: «Միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ եւ խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում են փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում միասնական  տեսակետների շրջանակի ընդլայմանը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը: Կարեւորելով տարածաշրջանային կայունությունը եւ անվտանգությունը ` ԱԺ նախագահը շեշտել է, որ  Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին եւ  մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխգործակցության զարգացմանը:  Նրա համոզմամբ՝ միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Ֆահդ Ալ-Ռաշիդի խոսքով`  երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են. երկու երկրներն էլ ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման: Քուվեյթի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը  շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը: