«Մենք կտրականապես դեմ ենք Ղարաբաղում ՆԱՏՕ-ի, կամ այլ ցանկացած խաղաղապահ առաքելությանը, եթե այդ խնդիրը կիսալուծումներ է ստանալու, այսինքն եթե խնդիրը չի լուծվելու այնպես, որ դրա վերսկսում կամ վերաբռնկում չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ու հավելեց. «Դատելով այսօր ԼՂ խնդրի կարգավորման հրապարակված սկզբունքների բովանդակությունից, ՀՀ իշխանությունները համաձայն են խնդրի կիսատ-պռատ լուծմանը, որոշ ասպեկտների փուլային կարգավորմամբ: Այսպիսի իրավիճակներում, երբ խնդիրը չի դրվում հստակ, բնականաբար ոչինչ չի մնում, քան համաձայնել ինչ-ինչ խաղաղապահ ուժերի ներկայությանը` լինի ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի կամ այլ ուժերից կազմված, որը ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ միջանցքի տարածքը պետք է վերահսկի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշված չէ, եւ որը պետք է ուղեկցի ադրբեջանցի փախստականներին, որպեսզի նրանք վերադառնան իրենց բնակության նախկին վայրերը»

Նրա ներկայացմամբ, այս բոլորը արդյունքն են այն բանակցությունների, որոնք վարվել են ՀՀ իշխանությունների կողմից վերջին 10-ամյակում եւ բերել նրան, որ կիսատ-պռատ լուծումների պարագայում խաղաղապահ կոնտինգենտը դառնում է վտանգավոր: «Իսկ երբ խնդիրն այլ համատեքստում դրվեր, փնտրվեին այլ լուծումներ եւ ԼՂ-ն ի սկզբանե, Երեւանի որոշմամբ դուրս չթողնվեր բանակցություններից, մենք այլ սկզբունքներ կունենայինք եւ միգուցե խաղաղապահ կոնտինգենտի անհրաժեշտություն չառաջանար»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը, հավելելով, որ աշխարհում չկա որեւէ վայր, որտեղ տեղակայված խաղաղապահ ուժերից տեղի բնակչությունը գոհ լինի:

Ս. Սաֆարյանը նշեց նաեւ, որ այսօր ՆԱՏՕ-ն որեւէ շահագրգռվածություն չի ցուցաբերում Կովկասում առկա հակամարտությունների լուծման գործում ներգրավվելու հարցում: