Ֆրանսիացի լրագրողուհի Մարի Դրուկերը ներկայումս փաստագրական ֆիլմ է պատրաստում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, գրում է «Nouvelles d'Arménie»-ին` վկայակոչելով «TV Mag» ամսագրին:
«Սա ֆիլմ է Շառլ Ազնավուրի մասին: Փաստագրական ֆիլմը պատրաստ կլինի մի քանի ամսից` «France 2» հեռուստաալիքով, լավագույն եթերային ժամանակահատվածում ցուցադրելու համար: Ես եւ գրում եմ, եւ զբաղվում եմ ռեժիսուրայով: Սա իսկական պրեմիերա է, քանի որ նա համաձայնել է այնպես անկեղծանալ, ինչպես երբեք չի արել: Առաջին անգամ, 90 տարեկանում, նա, ով երբեք չի համաձայնել երկարատեւ նախագծերի, ընդունել է մեզ Մուրյեսում իր տանը: Կլինի ավելի վաղ չհրապարկված արխիվների հսկա քանակություն, այդ թվում` անձնական, որոնք երբեք չեն ցուցադրվել: Ֆիլմի մոնտաժի համար կպահանջվի երեք ամիս»,-ասել է Դրուկերը:
Նա ասել է, որ ֆիլմ նկարելու առաջարկն ստացել է պրոդյուսեր Անտուան Անրիկեից: «Երբ ասացի, որ Ազնավուրը չի համաձայնի, նա պատասխանեց, որ արդեն ստացել է նրա համաձայնությունը եւ «նա համաձայն է, որ դա լինեք Դուք»: Եւ ես ասացի «այո», -պատմել է Դրուկերը:




























