Միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը կանցնի շուկայական պայմաններում ֆինանսավորման: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան, ով ավարտում է առաքելությունը Հայաստանում: Այդ իսկ պատճառով ԱՄՀ-ի հետ Հայաստանի հաջորդ ծրագիրը կարող է լինել վերջինը:
Նոր ծրագրի, որը պետք է փոխարինի EFF/ECF (ExtendedFundFacility/ExtendedCreditFacility) նախագծին, շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն:
Միաժամանակ, Հայաստանը դեռ ամբողջապես դուրս չի եկել արտոնյալ ֆինանսավորման փուլից. EFF/ECF-ի դրույքաչափը բավականին ցածր էր: Համաշխարհային բանկի շրջանակում Հայաստանի կարգավիճակը խառն է. ՀԲ-ն հանրապետությանը վարկավորում է եւ IBRD-ի, եւ IDA-ի (IDA ծրագրի պայմաններն ավելի մեղմ են) միջոցով: ՀԲ-ի վերջին նախագիծը եւս կֆինանսավորվի IDA-ի կողմից:
Պատասխանելով հարցին, թե պատրաստ է Հայաստանը ինքնուրույն ֆինանսավորում ներգրավել շուկայական պայմաններում, Տոլոսան պատասխանեց, որ թեեւ ԱՄՀ-ն շարունակում է խորհրդատվություն տրամադրել Հայաստանին տնտեսական բարեփոխումների մասով, պետք չէ նվազեցնել արդեն կատարված բարեփոխումները: Պետության դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը հայկական տնտեսությանն օգնել է մի շարք արտաքին գործոններ հաղթահարել եւ ավելացնել հարկերի վճարման թափանցիկությունը:
Պատասպանելով NEWS.am-ի հարցին` Տոլոսան ասաց, որ Հայաստանի համար դեռ վաղ է հրաժարվել սահմանի վրա ներմուծվող ապրանքից ԱԱՀ գանձելուց:
«Ժամանակին մենք ինքներս ենք նման տարբերակ խորհուրդ տվել` հարկային վարչարարությունը թեթեւացնելու համար: Կարծում ենք, Հայաստանի համար դեռ վաղ է դուրս գալ այդ ռեժիմից, սակայն պատրաստ ենք վերադառնալ այդ հարցին, երբ իշխանությունները գտնեն, որ կարող են ԱԱՀ-ն գանձել պոստֆակտում»,-ասաց Գ. Տոլոսան:




























