Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է Զիլանդի Բիզնեսի եւ տեխնոլոգիաների  ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Վերջիններս Հայաստան են ժամանել  մեր երկրի կրթական համակարգին, առաջարկվող ծառայություններին եւ ծրագրերին ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին են ներկայացրել տվյալ բուհի գործունեությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել ակտիվ համագործակցել հայաստանյան բուհերի հետ` ընդհուպ մինչեւ բուհական կամպուս ստեղծելու հնարավորություն:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման, մեր երկրի  բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու գործում: Որպես համագործակցության լավ օրինակ` Արմեն Աշոտյանը մատնանշել է հայկական որեւէ տեխնիկական բուհի հետ կրկնակի դիպլոմներ կիրառելու հնարավորությունը` հավելելով, որ նշված  բուհերն ակտիվ համագործակցում են խոշոր ընկերությունների հետ` Սինոֆսիս, ՎիվաՍել եւ այլն: Ըստ նախարարի`  Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաեւ օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Սփյուռքից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի` առաջիկա երեք տարիներին Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման եւ Երեւանում նախարարական գագաթաժողովի անցկացման խնդիրներին: