«Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (PPRD East) ծրագրի շրջանակներում, հունիսի 9-13-ին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել պլանավորման գիտաժողով եւ շտաբային ուսումնավարժություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին մասնակցել են վերոնշյալ ծրագրի մասնակից 6 պետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ:
Պլանավորման գիտաժողովի ընթացքում ներկայացվել են «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (PPRD East) ծրագրի էությունը, նպատակներն ու հետագա ընթացքը, ինչպես նաեւ Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմները։
Շտաբային վարժանքի սցենարի համաձայն` եղանակի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով պայթյուն եւ արտահոսք էր տեղի ունեցել Բելառուսի Գրոդնո քաղաքի ազոտի գործարանում, միաժամանակ` անտառային հրդեհներ էին բռնկվել հարեւան Ուկրաինայում։ Վարժանքին մասնակից մյուս պետությունները հանդես էին գալիս օգնություն առաջարկող երկրների դերում։
Հայկական կողմից առաջարկություն է եղել հաջորդ անգամ առավել մանրամասն վերլուծության ենթարկել արված աշխատանքը, ինչպես նաեւ գիտաժողովների օրակարգում եւ վարժանքների սցենարներում ընդգրկել աղետների ժամանակ հանրային իրազեկման եւ լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքների բաղադրիչը, քանի որ զանգվածային լրատվամիջոցները կարեւոր դերակատարություն ունեն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում։
Վարժանքից հետո գիտաժողովի մասնակիցներն այցելել են Բելառուսի ԱԻՆ հանրապետական ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ ծանոթացան դրա կառուցվածքին, հիմնական գործառույթներին, տեխնիկական հագեցվածությանն ու ծրագրային ապահովմանը։
Ծրագրի ղեկավարների խոսքով` նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու, ինչը կնպաստի մասնակից երկրների միջեւ համագործակցության աշխուժացմանն ու օգտակար փորձի փոխանակմանը։




























