Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա», իսկ ԼՂ խնդրի լուծման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն ու միասին լուծեն հարցը: «Դրա համար պետք է երկու նախագահների քաղաքական կամքը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է հանդես գալ միայն որպես երաշխավոր»,-հայտարարել է նա «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Բելառուսն ինչպես կարող է աջակցել նախկին թեժ կետերում հակամարտությունների կարգավորմանը որպես ԱՊՀ նախագահող երկիր:
«Ես հեռու եմ այն ամենից ինչ կատարվում է Մերձդնեստրում, Վրաստանում, Աբխազիայում, Օսիայում, բայց մի անգամ ես հետաքրքրվեցի այդ խնդիրներով: Մի անգամ իմ ընկերների հրավերով այցելեցի լեռներ՝ նրանց մոտ: Ինձ շատ բան ցույց տվեցին, ես էլ թեմա նախաձեռնեցի զուտ բելառուսական մոտեցմամբ: Այնտեղ նորմալ կյանք չկա: Ես հասկացա, որ այդ խնդիրը պետք է լուծել: Խոսեցի երկու նախագահների հետ, բացատրեցի, որ նման իրավիճակը երկար չի կարող մնալ: Հայերն ինձ հետ համաձայնեցին: Իլհամ Ալիեւի հետ ես խոսեցի, նա ասաց, որ նույնպես դեմ չէ, թեեւ ես տանել չեմ կարողանում միջնորդի դերը: Ես առաջարկեցի այդ դերը տալ Ուկրաինային, բայց նրանք չցանկացան»,-ասել է Լուկաշենկոն:




























