Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` ընթացիկ տարվա մայիսին Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը, նախորդ ամսվա համեմատ, նվազել է 31,5%-ով, իսկ նախորդ տարվա մայիսի նկատմամբ` 25,4%-ով: Այսինքն, գործարքների առումով բնակարնների շուկայում առաջարկի եւ պահանջարկի միջեւ հավասարակշռությունը լրջորեն խախտվել է:
Նման փոփոխությունը պետք է հանգեցներ շուկայական գների նվազման, սակայն հրապարակված տվյալները ակնհայտորեն հակասում են գների ձեւավորման շուկայական մեխանիզմների օրինաչափություններին:
Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, մայիսին Երեւանում ստանդարտ չափի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական արժեքը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 0,2%-ով, իսկ անցած տարվա մայիսի համեմատ` 6,5%-ով: Առաջին ցուցանիշը կարելի է կապել գնողունակ պահանջարկի սեզոնայնության հետ: Սակայն երկրորդն առնվազն տարակուսանք է առաջացնում:
Միակ ողջամիտ բացատրությունը գնողունակ պահանջարկում հնարավոր կառուցվածքային տեղաշարժերն են մնում: Այսինքն, գնորդների թիվը նվազել է, սակայն նրանցից շատերը նախընտրել են առավել թանկարժեք բնակարանները, բայց այստեղ մեկ հակասություն կա: Այս դեպքում պետք է որ աճեին քաղաքի կենտրոնում բնակարանների գները, սակայն Երեւանի «թանկարժեք» թաղամասերում գներն իրենց աճի տեմպով զիջում են միջին ցուցանիշին:
Ռիելթորների համոզամբ, անշարժ գույքի շատ գործարքներ իրականացվում են դոլարով, ուստի ավելի ճիշտ է գների դինամիկան դիտարկել դոլարային համարժեքով:
Ինչպես տեսնում ենք գծապատկերից, տարվա ընթացքում բնակարանների գները էլիտար «Կենտրոն» վարչական շրջանում նվազել են, իսկ երկրորդ ամենաթանկ շրջանում` Արաբկիրում, ամենացածր աճն է արձանագրվել:
Միջինից բարձր աճ է արձանագրվել մայրաքաղաքի համեմատաբար «էժան» թաղամասերում` «Նոր Նորքում», «Ավանում», «Շենգավիթում» եւ «Դավիթաշենում»: Այս փաստը թույլ է տալիս կասկածի տակ դնել գնողունակ պահանջարկի նախապատվությունը թանկարժեք բնակարանների նկատմամբ...
Հարկ է նշել, որ կադաստրի կոմիտեի տեղեկատվության մեջ նշվում է, որ միջին գները «որոշվում են պայմանգրային եւ առաջարկի գների վերլուծության հիման վրա»:
Հայտնի է, որ վաճառողներն ու միջնորդներն «առաջարկում են» հնարավոր ամենաբարձր գները, սակայն դրանք մինչեւ գործարքը կնքելը բավականին նվազում են:
Ստորեւ աղյուսակում ներկայացված են մայրաքաղաքի վարչական շրջաններում բնակարանների գները դոլարային արտահայտությամբ:

Ալբերտ Խաչատրյան




























