Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սանձազերծումն այսօրվա դրությամբ լիովին հավանական սցենար է,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի իրանագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը։ Ըստ նրա, դեռևս մի երկու տարի առաջ, նա անհնար էր համարում դա, «պարզապես հիմա Իսրայելի ղեկավարությունում բավական շատ են Իրանի վրա ուժային ազդեցության լոբբիստները»։
Գևորգյանը շեշտը դնում է այն բանի վրա, որ Իսրայելի ռազմաշունչ հայտարարությունները այս կամ այն կերպ, զուսպ, խորամանկ և ոչ ուղղակի աջակցություն են ստանում ԱՄՆ-ից։ «Եվ որքան ինձ հայտնի է՝ դատելով ըստ տեղեկությունների, ռազմական միջամտության խիզախումը բավական մեծ է»,- նշել է նա։ «Այլ բան է, որ չեն քննվել Իրանին Իսրայելի հնարավոր հարվածների բոլոր սցենարները։ Իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ հենց Իսրայելի համար և ոչ այն պատճառով, որ Իրանը կհակադրի ինչ-որ յուրահատուկ բան կամ էլ նրա հարվածն ավելի զորեղ կլինի։ Դա պարզապես կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի իրավիճակը»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում Իսրայելի ռազմավարական կորուստները կարող են ավելին լինել, քան ձեռքբերումը։ Բացի այդ, փորձագետի կարծիքով, մեծ հաշվով Իրանը Իսրայելին ուղղված իր բոլոր սպառնալիքներով հանդերձ, Իսրայելի վրա առաջինը չի հարձակվի։
Կարինե Գևորգյանի կարծիքով, Իրանի շահերի գլխավոր լոբբիստը Չինաստանն է, քանզի հենց Չինաստանն է մեծապես անշահագրգիռը Իրանի վրա ուժային ազդեցության հարցում։ «Չինաստանը Իրանից նավթ է գնում, և նա կօգտագործի իր հնարավորությունները, որպեսզի հարձակում տեղի չունենա»,- նշել է նա։ Իրանագետի կարծիքով, միաժամանակ, Իրանի արտաքին քաղաքականությունը բավական բազմակողմանի է և բացի Չինաստանից, Թեհրանը որպես դաշնակից է դիտարկում նաև Ռուսաստանին, թեպետ և ավելի փոքր չափով։ «Ռուսաստանի հետ Թեհրանը վարում է ռազմական և տեխնիկական համագործակցություն, այն բավական խորն է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այստեղ Ռուսաստանը հայտնվում է բավական բարդ իրավիճակում, սակայն Իրանի հետ պայմանագրերից նա չի կարող հրաժարվել. չէ՞ որ դրանք չափազանց թանկարժեք են։
Մեկնաբանելով Իրանի ներքաղաքական իրավիճակը, Կարինե Գևորգյանը հայտարարել է, որ այն, ինչ տեղի էր ունենում վերջին ժամանակներս Իրանում, ոչ մի ընդհանուր բան չունի «նարնջագույն հեղափոխությունների» հետ, և այդ ամենը ոչ այլ ինչ է, քան ներքին խորը գործընթաց։ Ըստ նրա, այդ մասին է վկայում այն փաստը, որ Իրանի ընդդիմությունը չի հանդիսանում երկրից դուրս որևէ մեկի շահերի լոբբիստը։ «Այնտեղ տեղի է ունեցել կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող ինչ-որ խորը ներքին հակամարտություն»,- նշել է փորձագետը։
Իրանում տեղի ունեցած բախումները Գևորգյանն անվանել է հենց երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ուղղված յուրատեսակ ազդանշան, որի օգտին իսկապես քվեարկել էր բնակչության մեծ մասը։ Իրանագետի կարծիքով, երկրում իրավիճակի զարգացումը կարող է ընթանալ երկու ուղղությամբ՝ կամ հակամարտության խորացում, կամ ղեկավարությունը ստիպված կլինի գնալ որոշակի փոխզիջման՝ ներքաղաքական գործունեության վերաձևաչափության։ Սակայն, ըստ նրա, դա անելը շատ դժվար է, քանի որ Իրանը բյուրոկրատական երկիր է։ «Հաշվի առնելով այն, որ երկրում տեղի ունեցած բոլոր բախումների ժամանակ հակամարտող երկու կողմերը փորձում էին չայրել կամուրջները, տեսականորեն հնարավոր է, որ նոր կառավարությունում հայտնվեն մարդիկ ընդդիմությունից։ Սակայն այստեղ կարևոր են նաև միջանձնային հարաբերությունները»,- ընդգծել է նա։



























