Հայաստանի սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի գլխավորությամբ օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Կանադայի Ազգային բալետից բարեգործական հիմունքներով ուղարկված բալետի կոշիկների տրամադրումը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Վահե Ջիլավյանը եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացուցիչ Լիլիթ Պետրոսյանը կարեւորել են Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը Հայաստանում բալետային արվեստի զարգացմանը: Լիլիթ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ Կանադայի մեր հայրենակիցներին օգնություն տրամադրելու համար:
Բարեգործական ծրագիրն իրականացվել է Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանի նախաձեռնությամբ: Պարային կոշիկների ձեռքբերմանն աջակցել են Կանադայի Ազգային բալետի զգեստների եւ բալետի կոշիկների ձեւավորող-ղեկավար հայազգի Լոռնա Գեդդես Սուրմեյանը եւ վարչական հարցերով օգնական Սեդա Նիկողոսյանը: Բարեգործական բեռը Հայաստան տեղափոխելուն աջակցել է Հայկական առեւտրային ցանցի ղեկավար Վահրամ Փիրջանյանը:
Նախատեսվում է պարային կոշիկներ տրամադրել նաեւ Սիրիահայերի պարային համույթին, Գավառի պարային համույթին, Վրաստանի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի Ջեյրան, Անի, Վանք պարային համույթներին:
Բարեգործության ընդհանուր քանակը կազմում է 488 զույգ պարային կոշիկ:




























