Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնակատարության ուշագրավ հարցը երիտասարդության միգրացիան է. տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռեւս շատ քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների եւ ապրումների մասին: Այս մասին ասված է Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձում:
Ուղերձում նաեւ նշվում է.
«Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների եւ նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են նոր կապեր հաստատել: Ճանապարհին եւ իրենց վերջնական նշանակակետերում, շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության եւ մարդու իրավունքների ոտնահարման: Մասնավորապես, երիտասարդ կանայք ենթարկվում են սեռական շահագործման եւ բռնության:
Աղքատությունը, բազմամարդ ու ոչ սանիտարահիգիենիկ պայմանները եւ արժանապատիվ աշխատանք գտնելու մարտահրավերները դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչները: Այս մարտահրավերները սրվում են ներկայիս համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Հաճախ համայնքները եւ քաղաքական գործիչները մեղադրում են միգրանտներին տեղացիներին աշխատանքից զրկելու մեջ՝ ենթարկելով նրանց էլ ավելի մեծ խտրականության ռիսկի: Այլ դեպքերում, գաղթող ծնողների կողմից լքված երիտասարդները բախվում են հոգեբանական եւ սոցիալական խնդիրների եւ էլ ավելի մեծ խոցելիության:
Հատկանշական է երիտասարդ միգրանտների ունեցած դրական ներդրումը այն հասարակությունների տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների հարստացման վրա, որտեղից նրանք սերում են, որտեղ հայտնվում են կյանքի բերումով եւ որտեղ ի վերջո հանգրվանում են: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու եւ իրենց կենսապայմանները բարելավելու համար: Իրենց հարազատ երկրներում ապրող ընտանիքներին աջակցելու համար նրանց կատարած դրամական փոխանցումները խթանում են տնտեսության զարգացմանը ողջ աշխարհում: Երիտասարդ միգրանտները, վերադառնալով տուն, հաճախ նպաստում են զարգացմանը` կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություններն ու գաղափարները: Եվ շատ դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում՝ ստանալով ֆինանսական եւ սոցիալական անկախություն:
Հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում կկայանա երկրորդ բարձր մակարդակի երխոսությունը միջազգային միգրացիայի եւ զարգացման հարցերի շուրջ: Կոչ եմ անում անդամ պետություններին ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային: Երիտասարդների հետ եւ նրանց համար աշխատելը իմ գլխավոր առաջնահերթություններից է: Երիտասարդության այս միջազգային օրը ես քաջալերում եմ անդամ պետություններին, երիտասարդական կազմակերպություններին եւ այլ շահագրգիռ կողմերի գործել՝ նպաստելու բոլոր երիտասարդ միգրանտների իրավունքների պաշտպանությանը եւ առավելագույնին հասցնել երիտասարդական միգրացիայի զարգացման ներուժը:





























