Այսօր՝ օգոստոսի 13-ին, աշխարհում նշում են Ձախլիկների միջազգային օրը (International Left-Handers Day): Այդ օրն սկսել են նշել 1992-ից, որի նախաձեռնողը եղել է Ձախլիկների բրիտանական ակումբը (Left-Handers Club):
Մեր կյանքն ամբողջությամբ հարմարեցված է աջլիկների համար, իսկ ձախլիկները պետք է հարմարվեն այդ իրողություններին: Նախկինում ձախլիկ երեխաներին ստիպում էին գրել աջ ձեռքով, ձախլիկներին արգելվում էր հանդես գալ դատարանում, նրանց չէին կանչում որպես վկաներ՝ համարելով, որ ձախլիկությունն ինչ-որ սատանայական բան է:
Առաջին անգամ ձախլիկներն սկսել են միավորվել 1980-ին: Այդ տարի նշանավորվել է ձախլիկների զանգվածային շարժումներով ու բողոքի հանրահավաքներով: Այդ ժամանակ ԱՄՆ-ում հանրահավաքներ են տեղի ունեցել ի պաշտպանություն ձախլիկ ոստիկանի, որին հեռացրել էին աշխատանքից ձախլիկ լինելու համար: Նրա ատրճանակի պատյանը ձախ կողմում էր, իսկ կանոնադրությունը պարտադրում էր, որ այն պետք է աջից լինի:
Այդ օրը մարդիկ փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել ձախլիկների խնդիրների վրա:
Նշենք, որ մոլորակի բնակչության 10 տոկոսը ձախլիկ է:





























