Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարության, ՀՍՆՀ-ի ընթացիկ եւ առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր:
Տեղեկացվել է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել նաեւ ՀԲ փորձագետներ, արդեն մշակվել է ՀՍՆՀ զարգացման ռազմավարությունը, որն արժանացել է նաեւ ՀԲ թիմի դրական գնահատականին: Փոխվարչապետը կարեւորեց շահագրգիռ նախարարությունների մասնակացությամբ փաստաթղթի քննարկումը, մոտեցումների վերջնական հստակեցումը, որից հետո այն կներկայացվի ՀՀ կառավարություն:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՍՆՀ ընթացիկ ծրագրին: Մասնավորապես տեղեկացվել է, որ դեռեւս չի իրականացվել համայնքապետերի ուսուցում նախատեսող բաղադրիչը: Փոխվարչապետն առաջարկել է ուսուցումները կազմակերպել առաջիկայում նախատեսվող համաժողովների շրջանակում եւ ընտրել արդիական թեմաներ, որոնք կարծարծեն նաեւ տեղական ինքնակառավարման համակարգում նախատեսվող բարեփոխումների ուղղությունները:
Քննարկվել են նաեւ Երկրի աջակցության նոր ռազմավարության շրջանակում ՀՍՆՀ ծրագրերի համար հատկացվող միջոցների ծավալներին, ՀՍՆՀ ծրագրերի ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:





























