Երեւանի կենտրոնում գտնվող Մաշտոցի պուրակում այսօր` օգոստոսի 14-ին, Իրաքում եզդիների ցեղասպանության 6-րդ տարելիցի առթիվ անց է կացվել լուսանկարների ցուցահանդես:  «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամ Խանե Մահմուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լուսանկարներով ցանկանում են իրենց բողոքն արտահայտել եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության վերաբերյալ` ակնկալելով, որ քաղաքակիրթ երկրները, այդ թվում` Հայաստանը, որոշ չափով կօժանդակեն, որպեսզի դադարեցվեն ազգային փոքրամասնությունների ցեղասպանությունները: Նա նշեց, որ ցեղասպանությունը կատարվում է իսլամիստների կողմից ազգային հողի վրա, կրոնի համար: (ֆոտոռեպորտաժ)

Պուրակում փակցված լուսանկարները ներկայացնում էին եզդիների նկատմամբ Իրաքում 2007թ օգոստոսի 14-ին կատարված ցեղասպանությունը, դրանք երիտասարդներին ուղարկել են Իրաքում ապրող եզդիներ, մի մասն էլ վերցրել են ինտերնետից:

Արդեն երկրորդ տարին է, ինչ օգոստոսի 14-ին, անց է կացվում ակցիան, եւ այն կդառնա ամենամյա, այնքան ժամանակ, մինչեւ իրենց բողոքը տեղ հասնի: Երիտասարդների նպատակն է այդպիսով աջակցել Իրաքում գտնվող եզդիներին, նրանց իրավունքները պաշտպանել, խնդիրները բարձրաձայնել: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշեցին, որ լուսանկարները հետաքրքրություն են առաջացրել անհատների մոտ, ովքեր այցելել են, նայել են, մեր` պուրակում գտնվելու ժամանակ, դեռ քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ չէին այցելել:

Հիշեցնենք, որ 2007թ Իրաքում եզդիների նկատմամբ կատարված ցեղասպանության արդյունքում 1000 մարդ զոհվեց, 4 գյուղ ավերվեց, 2-ը հիմնովին ոչնչացվեցին: