Կառավարությունը 2013թ. սեպտեմբերի 6-ից մինչեւ 15-ը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվելիք ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցելու նպատակով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 30 մլն դրամ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եւս 3 մլն դրամ է տրամադրվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման, մասնավորապես` մեդալների եւ կրծքանշանների ձեռք բերման համար:
ՀՀ կառավարությունը Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամակցության վճարը վճարելու նպատակով Լոռիի մարզպետարանին հատկացրել է 1,650.0 եվրոյին համարժեք դրամ: Լոռիի մարզը նշված ասոցիացիայի լիիրավ անդամ է դարձել 2011 թ. նոյեմբերին. հաշվի է առնվել մարզի եւ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի երկար տարիների համագործակցությունը:





























