Ի՞նչ են տանում Հայաստանից արտերկիր մեկնող մեր հայրենակիցները։ Ավանդական բաստուրմա-կոնյակից բացի արտասահման մեկնող հայերի ճամպրուկներում հիմա կարելի է գտնել ամենաանհավանական բաները։

Մի ամբողջ օր օդանավակայանում անցկացնելով՝ կազմեցինք «հայրենիքի համն ու հոտը հիշեցնող» ամենապահանջված «նվերների» ցանկը.

• «փակ դռներ բացող» կոնյակ

• աշխարհի ամենահամով ծիրան

• բաստուրմա ու սուջուխ

• թոնրի լավաշ

• չրեղեն

• կանաչեղեն (որից, ճիշտ է, դրսում էլ կա, բայց հայկականի համը չունի)

• հազար հիվանդություն բուժող տնական թթի օղի

• աղացած սեւ սուրճ (հայկական արաբիկա)

• խաղողի թուփ

Հուշանվերներից ամենապահանջվածն Արարատ լեռան եւ եկեղեցիների պատկերն է՝ բոլոր հնարավոր մակերեսներին՝ շապիկներ, նկարներ, բաժակներ, սառնարանի մագնիսներ։

«Դուդուկ էլ են շատ տանում։ Հայերն էլ, արտասահմանցիներն էլ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հուշանվերների խանութի աշխատակցուհին՝ նշելով, որ գնորդները հիմնականում նվագել չգիտեն։

Կրասնոդար մեկնող Արեւիկը մի ամբողջ սառնարան մթերք էր տանում՝ կանաչ լոբի, պանիր, մածուն, տնական հավ, հայկական կոնֆետ։

Սիբիրում բնակվող մեր հայրենակիցներից մեկն էլ պատմեց, որ իր ծանոթներից մեկից Ռուսաստանում կանեփ էին ուզել։ Կրիմինալ չկա. կանեփը նրան պետք էր Մարտունու ավանդական կանեփով տոլմա պատրաստելու համար։ Բարեբախտաբար, փորձառու համագյուղացիները կանխել էին ու «վտանգավոր բեռը» օդանավակայան չէր հասել։

Ամերիկահայերի նախասիրությունները տարբեր են՝ կախված այն բանից, թե որ սերնդի արտագաղթողներ են։ Լոս Անջելեսում բնակվող մի կին պատմեց, որ իր հետ 50 հատ «Բալետ» կրեմ է տանում (պարզվում է՝ մեր տատիկների սիրելի կրեմը դեռ արտադրվում է, թերեւս միայն Լոս Անջելեսի հայերի համար)։

«Էնտեղ լավ կրեմներ շատ կան, բայց իրենք «Բալետին» են սովոր։ Շատերն են խնդրել, որ տանեմ հետս»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ մի քանի տուփ էլ վերմիշել է տանում. «Հայկականին կարոտել են»։

Շուշաննա Սիրականյան