Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել: Ադրբեջանական «Թրենդի» փոխանցմամբ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում քննարկվելու են նաեւ ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր: Այդ մասին իբր գործակալությանը հայտնել են կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանի տեղեկատվական կենտրոնից: Ըստ «Թրենդի», ՄԱԿ ԳԱ օրակարգում են ընդգրկված «ՎՈՒԱՄ» տարածքում ձգձգվող հակամարտություններն ու նրանց հետեւանքներն աշխարհի անվտանգության եւ զարգցման համար" եւ «Իրավիճակն Ադրբեջանի „օկուպացված“ տարածքներում» բանաձեւերի նախագծերը:
Համաձայն կազմակերպության տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության՝ այդ հարցերը չեն քննարկվել ՄԱԿ ԳԱ 63-րդ նստաշրջանում եւ մնացել են օրակարգում: Հարցերի քննարկման հստակ ժամկետը դեռ հանի չէ, եւ պարզ կլինի սեպտեմբերի վերջին:
Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկատվությունը՝ Հայաստանի արտգործանախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը NEWS.am-ին փոխանցեց, որ ՄԱԿ ԳԱ օրակարգը որոշվում եւ հաստատվում է նստաշրջանի 1-ին օրը: Հետեւաբար, որեւէ մեկը չէր կարող օրակարգի եւ այնտեղ ընդգրկված հարցերի վերաբերյալ հայտարարություններ անել:



























