Իռլանդիայի 37-ամյա բնակիչ Դենիել Քլեվինը պատմել է, որ արդեն մեկ տարի է, ինքը զկռտում է: Այս մասին հաղորդում է United Press International-ը: 14 ամիս առաջ, 2012-ի հուլիսին, Դենիելն արթնացել է երեկույթից հետո եւ սկսել զկռտալ: Այդ օրից նա ամեն 7 վայրկյանը մեկ զկռտում է: Այն չի դադարում նաեւ գիշերը եւ Դենիելը ստիպված է լինում քնել հարեւան սենյակում, որպեսզի չարթնացնի կնոջը:

Նա էնդոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա է անցել, այցելել է թերապեւտի, նրան նշանակել են դիետա եւ հանգստացնող դեղեր, սակայն ոչինչ չի օգնել:

Բժիշկները դժվարանում են պարզել այդքան երկար զկռտալու պատճառը, հաղորդում է Lenta.ru-ն:

Դենիելի խոսքով՝ նա փորձել է զկռտոցից ազատվել դասական մեթոդով, որոնք հայտնի է գրեթե բոլորին. Նա փորձել է վախենալ, գդալով շաքար ուտել, ջուր խմել ձողիկով եւ այլն: