Թբիլիսիի դատարանը վճիռ է կայացրել գործարար Անտոն (Ավթանդիլ) Ադուաշվիլիի սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, որոնց թվում է երգիչ Սոսո Պավլիաշվիլիի փեսա Վախթանգ Չխապելիան: Չխապելիայից բացի մեղադրյալի աթոռին են գտնվել Կոբա Կուրուան եւ Գելա Ուբիլավան: Երեքն էլ դատապարտվել են 20-ական տարվա ազատազրկման: Տվյալ գործն ուսումնասիրում էր երդվյալ ատենակալների դատարանը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:

Գործարար Ադուաշվիլիին 2012թ.-ի նոյեմբերին Թբիլիսիի փողոցներից մեկում իր մեքենայում սպանված էին հայտնաբերել: Չխապելիան, ով Պավլիաշվիլիի քրոջ ամուսինն է, ձերբակալվել էր սպանությունից մեկ ամիս անց: Գարնանը վրացական լրատվամիջոցները հրապարակել են նրա ցուցմունքերի այն հատվածը, որում երգչին մեղադրում էր այդ հանցագործության մասնակցության մեջ: Ցուցմունքներից  հետեւում էր, որ սպանվածը Պավլիաշվիլիի հետ տարաձայնություններ ուներ: «Անտոնը խաբեությամբ հաճախ մեծ գումարներ էր շորթում Սոսոից: Հենց նման բազում փաստերի պատճառով մենք Սոսոյի հետ որոշեցինք պատժել Ադուաշվիլիին»,- հավաստիացնում էր Չխապելիան: Այդ նպատակով նա իբր գտել է Գելա Ուբիլավային, ով իր ծառայությունների դիմաց պահանջել է 50 հազար դոլար: Չխապելիայի խոսքով, գումարն իրեն փոխանցել է Պավլիաշվիլին:

Ինչպես խոստովանել է դատախազ Նինո Ագլեմաշվիլին, հետաքննությունը բավական հիմքեր չունի Պավլիաշվիլիի դեմ մեղադրանք ներկայացնելու համար: Միաժամանակ, նա բացառել էր, որ երգիչը մոտ ժամանակներում հարցաքննության կենթարկվի: