69-ամյա «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի վրա կատարված կրակոցը, ով լայն հանրությանը հայտնի է «Յապոնչիկ» մականունով, «օրենքով գողերի» միջեւ հակամարտությունը բանակցային փուլից տեղափոխեց զինյալ փուլ, ինչը նոր լայնամասշտաբ պատերազմի սկիզբ է նշանակում, հաղորդում է «Պրայմ-Կրայմ» քրեական նորությունների գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ որպես «Յապոնչիկի» դեմ կատարված մահափորձի հիմնական վարկած շրջանառվում է նրա չափից դուրս ակտիվ մասնակցությունը վրացական գողական կլանների հակամարտությանը:

Գաղտնիք չէ, որ Վյաչեսլավ Իվանկովը սկզբնապես աջակցեց «օրենքով գող» Դեդ Հասանին (Ասլան Ուդոյան), որի կլանին հակադրվում է Տարիել Օնիանիի գողական ընտանիքը: Մոտ երկու տարի տեւած այդ հակամարտությանն արյունոտ վերջաբան էր սպասվում, բայց քչերը կարող էին մտածել, որ «ռազբորկաների» զոհը կարող է դառնալ հենց «Յապոնչիկը»:

Հիշեցնենք, որ «Յապոնչիկի» դեմ մահափորձն իրականացվել է երեկ երեկոյան Մոսկվայում: Նախնական տվյալներով, մահափորձն իրականացնողը կրակել է դիպուկահար հրացանից այն պահին, երբ Իվանկովը դուրս էր գալիս «Տայսկիյ սլոն» ռեստորանից, որ գտնվում է Խորոշեւսկի մայրուղու թիվ 25 տանը: Այնուհետ տեղեկություն տարածվեց, թե քրեական հեղինակության վրա կրակել են միաժամանակ երկու հրացանից: Նա որովայնի մասում վերք է ստացել եւ տեղափոխվել Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Աղբյուրի տվյալներով, Իվանկովի կյանքին ոչինչ չի սպառնում: