Յուրաքանչյուր համաձայնագիր ունի երկու կողմ ու եթե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի եվրոպական կողմը հրաժարվում է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագիրը, դա նշանակում է, որ այն չի ստորագրվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Այստեղ հնչեց հայտարարություն, որ որեւէ հայ պաշտոնյա չի ասել, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվի: Ես ուզում եմ հիշեցնել, որ յուրաքանչյուր համաձայնագիր ունի երկու կողմ, իսկ այս դեպքում երկրորդ կողմն ասել է, որ հրաժարվում է ստորագրել Հայաստանի հետ այդ համաձայնագիրը:

Դա նման է նրան, որ հայտարարես, թե. «Հարսին տվել են ուրիշին, բայց մեկ է, ես ամուսնանալու եմ հետը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման կայացումից հետո, ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնար է համատեղել Մաքսային միությանն անդամակցելն եւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելը: