Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սեպտեմբերի 8-14-ին Հայաստանում կհյուրընկալի «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի հաղթողներին:
Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) կողմից կազմակերպված մրցույթի գլխավոր հովանավորը:
Ըստ այդմ՝ ՀԱՄՀ-ն հնարավորություն է ընձեռել միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած 2 բլոգերներին՝ Ջոնաթան Փաուելին եւ Նայլահ Հայուարդին, այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը եւ ծանոթանալու բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքներին, մասնավորապես պատմամշակութային հարուստ ժառանգությանը եւ հոգեւոր արժեքներին, ինչպես նաեւ ժամանակակից կյանքին:
Փորձի փոխանակման եւ երկկողմ կապերի հատատման նպատակով այցի շրջանակներում կկազմակերպվի նաեւ հանդիպում հայաստանյան բլոգերների հետ:
Հայաստանում իրենց տպավորություններն ու բացահայտումները բլոգերները կարտացոլեն իրենց բլոգերում՝ բարձրացնելով Հայաստանի ճանաչելիության մակարդակը միջազգային բլոգոլորտի, ինչպես նաեւ հասարակության լայն շրջանակներում:





























