Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Ջանան Աթիլգանի հետ եւ քննարկել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահը կարեւորել է այն աշխատանքը, որ տեւական տարիներ իրականացնում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը՝ նպաստելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ արդարության գաղափարների տարածմանն ու եվրոպական ինտեգրման գործընթացին։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ կարեւոր է, որ չվտանգվի Եվրամիության հետ երկխոսությունը եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը: Կողմերը քննարկեցին, թե ինչպես կարող է հիմնադրամը օժանդակել խորհրդարանի կառույցներին եւ առաջին հերթին եվրոպական ինտեգրման հանձնաժողովին՝ եվրոպական ինտեգրման գործընթացը արդյունավետ շարունակելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր եւս:





























