Ապրեք մինչեւ դեկտեմբերի 1-ը, այն ժամանակ էլ կտեսնեք: Այսպես է արձագանքել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների այն հարցին, թե ինչպիսին կլինի Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման նոր հնարավոր համաձայնագիրը:

«Դուք պատրաստվում եք չէ՞ ապրել մինչեւ դեկտեմբերի 1-ը:  Ուրեմն, սպասեք: Այն ժամանակ էլ կտեսնեք: Բոլորովին կարեւոր չէ, թե ինչպես կանվանվի փաստաթուղթը: Ասոցացման մասին համաձայնագիր,  տարանջատման մասին պայմանագիր, անվանեք, ինչպես ուզում եք: Ընդգծում եմ. անվանումը կարեւոր չէ: Կարեւոր է համագործակցության մեր պատրաստակամությունը», –  հայտարարել է Աշոտյանը՝ Երեւանում «Արեւելյան գործընկերության» ոչ պաշտոնական երկխոսության ընթացքում ԱԳ-ի երկրների կրթության նախարարությունների ներկայացուցիչների կոնֆերանսում:

Հետագա հարցերին նա նախընտրել է չպատասխանել: «Ես այստեղ ներկա եմ որպես կրթության նախարար: Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության անդամի՝ հարցեր դուք կարող եք տալ համապատասխան հանդիպումների շրջանակում», –հավելել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Հայաստանը պետք է մասնակցի Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ  սպասվում է ԵՄ-ի հետ գործընկերության փաստաթղթերի ստորագրում: Այնուամենայնիվ, այսօր ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ   Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո հանրապետությունը դժվար թե կարողանա Ասոցացման պայմանագիրը ստորագրել՝ ներկա խմբագրումներով: