Փարիզում տեղակայված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում, սեպտեմբերի 12-ին, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ նորանշանակ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր նշանակման հայտագիրը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աբդու Դիուֆը, բարձր գնահատելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, շնորհավորել է դեսպան Ստեփանյանին նշանակման կապակցությամբ եւ հույս հատնել, որ նրա նշանակումը կնպաստի կազմակերպության հետ ՀՀ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:
Զրույցի ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը եւ ՖՄԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ ՖՄԿ հետագա ծրագրերի վերաբերյալ` գոհունակությամբ արձանագրելով Ֆրանկոֆոն երկրների ընտանիքի լիիրավ անդամ դառնալուն հաջորդած ՀՀ-ՖՄԿ հարաբերությունների զարգացումը: Կողմերը հատուկ ընդգծել են Հայաստանի եւ ՖՄԿ միջեւ ստորագրված լեզվական ծրագրի իրականացման ապահովման, ինչպես նաեւ Հայաստանյան բուհերի եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ հաստատված հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերի հաջողությունը եւ դրանք շարունակաբար ամրապնդելու կարեւորությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ֆրանսիայի Նիս քաղաքում այս պահին ընթացող Ֆրանկոֆոնիայի խաղերին Հայաստանի պատվիրակության մասնակցությանն ու արդեն արձանագրած հաջողություններին:





























