ԱՄՆ Կոնգրես առաջադրվող հինգ դեմոկրատները՝ Մասաչուսեթս նահանգի ընտրական շրջանի թեկնածուները, այդ թվում նաեւ ազգությամբ հայ թեկնածուն, ընտրողների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ եկամուտների անհավասարություն, ցույց տալով, որ դրանց բազում ընդհանրություններ ունեն: Այդ մասին գրում է MassLive.com-ը:
Նահանգի սենատորներ Ուիլյամ Բրաունսբերգերը, Քեթրին Կլարկըեւ Քարեն Սպիլկան, Միդլսեքս շրջանի ոստիկանապետ Փիթեր Քութուջյանը եւ նահանգի օրենսդիր ժողովի անդամ Կառլ Շորթինոն հանդիպել են Քեմբրիջում գտնվող Լեսլի համալսարանում առաջադեմ ընտրողների ֆորումի շրջանակներում:
Երեք թեկնածուների հետ Քութուջյանը աջակցությունն է հայտնել ածխածնային արտանետումների համար որոշակի գնային քաղաքականության ընդունման համար, կամ ածխածնային հարկի սահմանում, կամ քվոտային համակարգ, որպեսզի շրջակա միջավայրը աղտոտող ընկերությունները վճարեն արտանետումների համար:
Բացառությամբ Բրաունսբերգերի բոլոր թեկնածուները հայտարարել են, որ իրենք դեմ են խողովակաշարին, որը Կանադայից նավթ է մատակարարում Մեքսիկական ծոցի առափնյա շրջաններ: Բացի այդ նրանք խոստացել են պաշտպանել կանաց իրավունքները: Այդ առթիվ Քութուջյանը նշել է, որ «տասնամյակներ շարունակ պայքարում է կանանց խնդիրների լուծման համար»:
Ինչ վերաբերում է սիրիական խնդրին, ապա Կոնգրես առաջադրվող բոլոր թեկնածուները դեմ են Սիրիայում ռազմական գործողություններին: Քութուջյանն ու Սպիլկան նշել են, որ այդ հարցն անձամբ է անդրադառնում իրենց, քանի որ նրանց ընտանիքները տուժել են ցեղասպանություններից. Քութուջյանի ընտանիքը հայոց ցեղասպանությունից, իսկ Սպիլկայի ընտանիքը՝ Հոլոքոստից:





























